«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Մուրացկանին խաղաղություն չեն շնորհում

Մուրացկանին խաղաղություն չեն շնորհում
13.10.2026 | 18:33

(կամ՝ թուրքական ֆրիկ-շոուի և ծնկած դիվանագիտության աղետալի ֆարսը)

Համացանցային՝ գլխապտույտ առաջացնող սարդոստայնում թվային ալգորիթմներն ու կառավարվող ֆեյք-ֆաբրիկաներն առավոտ լուսո՝ դեռ արդար արեգակը չծագած, իսկական հոգեբանական գրոհ ու տեղեկատվական պատերազմ են հայտարարել սահմանախախտ ադրբեջանցու թափանցումը մերկացնող և երկրի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների դեմ։

Որքան էլ անհավատալի ու ողբերգական է, դեռևս հոկտեմբերի 7-ին երկրի թիվ մեկ ամբիոնից բեմադրված ու հանրությունից միայն ամոթի և նվաստացման արցունքներ քամող կլոունադան արդեն յոթօրյա չնվազող ինտենսիվությամբ շարունակում է խելահեղ պտույտներ գործել թվային տիրույթում՝ Facebook-ից մինչև YouTube։ Նման ինֆորմացիոն ասպատակությունն այլևս պատահական հումոր կամ թեթևսոլիկություն չէ, այլ հանրային գիտակցությունը բթացնելու, ցավային շոկը թմրեցնելու և պետական ողբերգությանը հարմարվողականություն ներարկելու կազմակերպված հոգեբանական դիվերսիա։

Էկրաններին նույն էժան ու ծաղրական պատկերն է․ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանին ձեռքերով ու աչքերով հեգնական «իշմարներ» անող, թուրքական ֆրիկ-շոուների և աբսուրդային հանրային կերպարների խորհրդանիշ, անտաղանդ ծաղրածու Աջդար Անըքի (Ajdar Anık)` նույն ինքը Աջո Բաբայի վերածված Փաշինյանը։

Նրա այս մոնոներկայացումը պարզապես անհատական վարքագծի խնդիր չէ, այլ պետականության տեսողական և բովանդակային անկման ամենաստորին կետը։ Հայոց պետականության օրենսդիր ամբիոնը, որտեղ պետք է ճակատագրական որոշումներ կայացվեն երկրի անվտանգության վերաբերյալ, Փաշինյանի թեթև ձեռքով իջեցվում է թուրքական անմակարդակ, ցածրարվեստ էստրադայի ու «ռաբիսության» աստիճանի։ Երբ պետության դե յուրե ղեկավարը որդեգրում է թուրքական ֆրիկ-շոուների «քյանդրբազային», ծամածռվող էսթետիկան, վարչապետի ինստիտուտը զրկվում է քաղաքական ու բարոյական որևէ կշռից՝ վերածվելով նվաստացուցիչ տեսարանների հարթակի։

Պետության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը, փոխանակ լրջորեն անդրադառնալու սահմանի խաթարմանն ու ադրբեջանցու՝ Շաքի թափանցելու աղետալի իրողությանը, հանրությանը հրամցնում է ստորացուցիչ ֆարս՝ թշնամու ներխուժումը վերածելով սարկաստիկ զվարճանքի, իսկ խորհրդարանի ամբիոնը՝ փողոցային բալագանի։

Դե յուրե վարչապետի սցենարով գոյատևող այս ողորմելի թատրոնի կուլիսներում, սակայն, թաքնված է ոչ միայն նվաստացնող, այլև ծայրաստիճան վտանգավոր ու պետականակործան իրականություն։ Պաշտոնական Երևանի հռետորաբանությունը վաղուց է դուրս եկել սառը քաղաքական հաշվարկի, դիվանագիտական էթիկայի կամ պետական տարրական շահի սահմաններից։ Տարբեր ամբիոններից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թեզերն ու ձևակերպումները սկսել են կրել անթաքույց, բոցավառ ու միակողմանի սիրո դրսևորում՝ կուրացնող, ստորացուցիչ սեր առ Ալիևն ու Ադրբեջանը, և ծնկած, ինքնամոռաց հիացմունք՝ առ միակ սիրո աղբյուր ամենայն թուրքականը։

Այս ամենն այլևս դիվանագիտություն չէ։ Գործ ունենք քաղաքական հարմարվողականության ու հոգեբանական շեղման այնպիսի աստիճանի, ազգային պատիվն ու արյունը մոռացության տալու, սեփական ինքնությունը հոշոտելու պատրաստակամությամբ համակված նողկալի հոգեվիճակի հետ, որտեղ դեռևս չսպանված զոհը ստորաքարշորեն փորձում է սիրաշահել, շոյել ու գրկախառնվել սեփական դահճի հետ։

Հենց այս կուրացնող սիրո շրջանակներում էլ «գլխավոր դիվանագետն» անվերջանալի ռևերանսներ է հղում իր պաշտամունքի օբյեկտին։ Մտաբերենք, օրինակ՝ 2026 թվականի սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր ամբիոնից աշխարհին հղած նրա հերթական «ավետիսը», թե՝ «Հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն»։

Իհարկե, դահլիճում ներկա պատմաբաններն ու միջազգայնագետները պետք է որ քմծիծաղ տված լինեին։ Չէ՞ որ նույնիսկ Իլհամի հայրը՝ Հեյդար Ալիևն է դեռ 1995 թվականին բացահայտ խոստովանել, որ մինչև 1936-ի ստալինյան «սուրբ» որոշումը՝ իրենց նույնիսկ «ադրբեջանցի» չեն անվանել, այլ կոչել են կովկասյան թաթար, հետո՝ թուրք։ Բայց Փաշինյանին պատմական փաստերն ու ազգային հիշողությունը բնավ չեն հետաքրքրում․ նա վճռել է պատմական «կենսագրություն» ու «դարերի փորձ» պարգևել արհեստածին մի էթնոսի, որն ընդամենը 90 տարվա պաշտոնական անվանադրում ու պատմություն ունի։

Սակայն պատմական այս «առատաձեռնությունն» է՛լ ավելի զավեշտալի ու նողկալի է դառնում նրա՝ հոկտեմբերի 12-ին հնչեցրած հերթական ֆանտասմագորիայի համատեքստում, թե՝ «մենք այսօր պատմություն ստեղծող ենք, և ոչ թե վերարտադրող»։ Ըստ Փաշինյանի նորօրյա «փիլիսոփայության»՝ պատմությունը ոչ թե այն է, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ դեռ պետք է տեղի ունենա։

Եվ ահա ի հայտ է գալիս իշխանական հիվանդագին տրամաբանության ողջ աբսուրդը․ ստացվում է՝ Մաշտոցի, Խորենացու, Բագրատունիների կամ 1988-ի Արցախյան շարժման թողած ժառանգությունը պատմություն չէ, այլ ընդամենը «փորձառություն», իսկ հայ ժողովուրդը մինչև 2018 թվականը եղել է պատմության լոկ պասիվ «վերարտադրող»։

Բայց արի ու տես, որ նույն այս տրամաբանությամբ՝ 90 տարվա պաշտոնական պատմություն անգամ չունեցող ադրբեջանցիների հետ մենք, միևնույն է, «դարերի համատեղ խաղաղ պատմություն» ունենք։

Այսինքն՝ հայ ժողովրդին զրկելով պատմաստեղծ անցյալից և իր իշխանության գալուց առաջ եղած ամեն ինչ որակելով որպես «պատրանք»՝ նա միաժամանակ պատմական խորխորատներ ու արհեստական կենսագրություն է հորինում Բաքվի բռնապետության համար։ Գործ ունենք ոչ թե պարզապես պատմության չարամիտ վերաշարադրման, այլ սեփական ժողովրդի ինքնության բացահայտ կազմաքանդման հետ՝ հանուն թշնամու առջև ծնկած խաղաղության կեղծ սցենարի։

Ի՞նչ են նման արձանագրումները, եթե ոչ «ֆենթզի» ժանրում հյուսված, բացարձակապես անիրատեսական հեքիաթ, որտեղ իրադարձությունները ծավալվում են տիեզերքի խորքերում թաքնված, երբևէ չհայտնաբերված ինչ-որ անծանոթ մոլորակում։

Գործ ունենք քաղաքական սոլիպսիզմի և կուրության ծայրահեղ դրսևորման հետ, երբ սեփական ցանկությունները հռչակվում են որպես աշխարհաքաղաքական իրողություն, իսկ պատմական փաստերն ու թշնամու բացահայտ սպառնալիքները պարզապես չեղարկվում են՝ հանուն անձնական պատրանքի պահպանման։ Այս ամենը գիտակցության ինքնամեկուսացում է իրականությունից, որտեղ հորինված «խաղաղությունը» դառնում է կրոնական պաշտամունքի առարկա։

Բայց ո՞րն է ամենաողբերգական ու միաժամանակ ամենածաղրելի դրվագը նիկոլական այս ֆանտաստիկ հորինվածքում։

Իհարկե այն, թե ինչպես է «դարավոր բարեկամն» արձագանքում «սիրային» նմանատիպ ակնարկներին, անհարկի «շնորհակալություններին» ու նվաստացուցիչ խոնարհումներին։ Մինչ Երևանի կաբինետներում նստածները հյուսում են դարերի համատեղ կենսագրության մասին վարդագույն առասպելներ, Բաքվի բռնապետությունն այդ ամենին պատասխանում է ոչ թե դիվանագիտական ժպիտով, այլ սառը, պրագմատիկ ու դաժան արհամարհանքով։

Ի պատասխան խաղաղության մասին ինքնամոռաց ճառերի՝ այնտեղից հնչում են նորանոր տարածքային պահանջներ, ուժի սպառնալիք և «Արևմտյան Ադրբեջանի» մասին ֆաշիստական ցնորաբանություններ։ Պատրանքների լաբիրինթոսում մոլորված զոհի յուրաքանչյուր խոնարհում դահճի համար ոչ թե հաշտության ազդակ է, այլ սեփական անպատժելիության և հերթական հարվածի պատրաստության հավաստում։

Փաստեր՝ որքան ուզեք։

Այսպես․ հենց Փաշինյանը որոշում է մի պահ կտրվել «պատմաստեղծ» հոգսերից ու զովանալ Սևանա լճում, Բաքվից անմիջապես հնչում է սթափեցնող ապտակը։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը, փոխանակ «դարավոր բարեկամության» համար երախտագիտություն հայտնելու, սեփական էջում տեղադրում է դիվանագիտական ծայրահեղ, մերկապարանոց անկեղծությամբ մի գրառում. «Ты коз..л... пока не разделили озеро, не лезь в наше Гейча»։

Ահա՛ ողջ «բարձր դիվանագիտության» ճշմարիտ հայելին և կողք կողքի գոյատևող երկու հակադիր իրականությունները․

Երևանի կաբինետներում հյուսվող առասպելը. «Մենք դարերով խաղաղ ենք ապրել, աղ ու հաց ենք կիսել…»։

Բաքվի իրական, անդիմակ դեմքը. «Լսի՛ր, կազյո՛լ, քանի դեռ լիճը չենք բաժանել, մեր Գյոյչայում չլողաս»։

Այսպիսի տեքստերով է թշնամին արձագանքում Երևանից հնչող ամեն մի ստորաքարշ խոնարհմանը՝ ի ցույց դնելով, որ մինչ մենք հորինում ենք պատմություն, նրանք գծում են իրենց հաջորդ հարձակման քարտեզը։

Մինչ հայաստանյան պաշտոնական քարոզչությունը ճգնում է սրբագրել թշնամու կերպարը, Զուլֆուղարովի լկտի գրառման տակ հեղեղված ադրբեջանական «ոգեշունչ» արձագանքները գալիս են փաստելու, որ Բաքվում Հայաստանի ղեկավարի ցանկացած քայլ ընկալում են բացառապես որպես կապիտուլյացիայի և նոր տարածքներ զիջելու հերթական «գաղտնի նշան»։

Ադրբեջանական համացանցային տիրույթը բառացիորեն հռհռում է՝ զուգահեռներ տանելով Սևանի և Արցախի կորստի միջև. «Շուշիում թռվռում էր՝ Ղարաբաղը վերադարձրինք, հիմա էլ Սևանում է լողում… հրաշալի նշան է» (Էմին Սալիմով)։

Մեկ այլ մեկնաբանող (The-end E-tun) է՛լ ավելի բացահայտ է ձևակերպում իրենց ծավալապաշտական ախորժակը. «2018-ին հայտնվեց Շուշիում՝ Շուշին վերցրինք… Սևանի հարցում մի քիչ շտապեց, ես սպասում էի, որ նախ Զանգեզուրում կհայտնվի, հետո նոր Սևանում, բայց ոչինչ՝ Սևանը կվերցնենք, հետո՝ Զանգեզուրը»։

Ոմանք նույնիսկ չեն էլ փորձում թաքցնել, որ իրենց վերջնական նպատակը տարածաշրջանում հայկական գործոնի լիակատար ջնջումն է։ Ինչպես նշում է օգտատերերից մեկը (Gme Ummeti Muhammed)․ «Այդ լիճը մերն է, և մենք չենք պատրաստվում այն կիսել հայերի հետ։ Այս սրիկաներն ընդհանրապես չպետք է լինեն Հարավային Կովկասում»։

Գործ ունենք «խաղաղության դարաշրջանին» Բաքվից հնչող իրական, արյունոտ արձագանքի հետ։ Մինչ Հայաստանի գլխավոր կաբինետներում շարունակում են տնաքանդ երազանքներ փայփայել «աղ ու հաց կիսելու» վերաբերյալ, սահմանից այն կողմ Սևանը վաղուց կնքել են «Գյոյչա» ու բաց տեքստով հայտարարում են իրենց հաջորդ պատերազմական կանգառների մասին։

Գիտակցության նման կուրացումն այլևս լոկ պատրանք չէ, այլ պետական հովանավորչությամբ իրականացվող սպանդի հերթական նախապատրաստում, որտեղ զոհին հոգեբանորեն համոզում են, որ իրեն մորթող դանակն ընդամենը «խաղաղության համատեղ գործիք» է։

Որքան շատ ես քծնում թշնամուն, այնքան նա քեզ ավելի «հարգալից» է առաջնորդում դեպի սեփական կառափնարան։ Փաշինյանը պատրաստ է հանդուրժել ցանկացած նվաստացուցիչ ապտակ, անտրտունջ կուլ տալ ցանկացած «կազյոլ», միայն թե թշնամին թույլ տա ևս մի քանի օր խաղալ «դարավոր խաղաղասերի» իր նախընտրած դերը։

Սակայն իրողությունն անողոք է. երբ պետության ղեկավարը որդեգրում է թիրախի վարքագիծ, զարմանալի չէ, որ նրա երկրի վրա բացահայտ հռհռում է անգամ թշնամու թոշակառու դիվանագետը՝ իր ողջ համացանցային ամբոխով»։

Այս լկտիության ֆոնին առավել քան սթափեցնող ու սարսռազդու է դառնում Փաշինյանի արձագանքը Սյունիքում (Շաքիում) կատարվածին։ Փորձելով արդարացնել Հայաստանի սահմաններն անարգել խախտած թշնամուն և հավասարության նշան դնել սեփական հայրենակիցների ու մեր դեմ զենք բարձրացրածների միջև՝ նա պետական ամբիոնից, փչացած վինիլային սկավառակի պես, պտտում է նույն անհեթեթ թեզը.

«Ռոբերտ Քոչարյանն էլ է հանցագործ, ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ։ Գագիկ Ծառուկյանն էլ է հանցագործ, ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ։ Սամվել Կարապետյանն էլ է հանցագործ, ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ»։

Հենց այդ պահին ես հասկանում, որ անպատասխան սիրուց կուրացած այս մարդ-իշխանությունը եթե շարունակի կարդալ իր նողկալի ցուցակը, կպարզվի՝ զորավար Անդրանի՛կն էլ է հանցագործ, Սողոմոն Թեհլերյա՛նն էլ, Մոնթե՛ն էլ... Բոլոր նրանք, ովքեր երբևէ համարձակվել են զենք վերցնել ու պաշտպանել հայի արյունն ու պատիվը թուրքական յաթաղանից։ Այս տրամաբանությամբ՝ թշնամուն սիրաշահելու մոլուցքով տարվածի համար, թերևս, միայն Թալեաթը հանցագործ չէ, Ջեմալը, Էնվերն ու քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովը։

Ահա՛ այսպես է հանգուցալուծվում «դարավոր բարեկամության» նիկոլական կեղծ օրակարգը. մի կողմում թշնամու կողմից նետված լկտի «կազյոլ» հայհոյանքն է, մյուս կողմում՝ ընդամենը 90 տարվա պաշտոնական կենսագրություն ունեցող, պատմականորեն անգո մի էթնոսին «դարավոր պատմություն» նվիրաբերելու ողորմելի փորձերը։

Մի կողմում սեփական հայրենակիցներին ու պատմական հերոսներին հանցագործ հռչակող, բայց թշնամու առաջ ծնկած գավառական ծաղրածուն է, մյուս կողմում՝ այդ նույն թշնամին, որը պատմության դասագրքերը բացելու փոխարեն՝ վաղուց բացել է իր ախորժակը Սևանի ու Զանգեզուրի ուղղությամբ:

Գործ ունենք ոչ թե պարզապես քաղաքական կուրության, այլ սեփական ինքնությունից, տեսակից ու պետականությունից կամավոր հրաժարման հետ՝ հանուն իշխանական կաբինետներում ևս մի քանի օր տաքուկ տեղավորվելու պատրանքի։ Բայց պատմությունն անողոք է. նրանք, ովքեր հանուն թշնամու հաճության մոռացության են տալիս սեփական արյունն ու պատիվը, ի վերջո, կորցնում են թե՛ հայրենիքը, թե՛ պատիվը և թե՛ ֆիզիկական գոյությունը։

Եվ երբ այս քաղաքական փուչիկը վերջնականապես պայթի, մեզ մնալու է միայն դառը գիտակցումը, որ խաղաղությունը չեն մուրում. խաղաղությունը պարտադրում են։ Իսկ մուրացկանին թշնամին երբեք խաղաղություն չի շնորհում. նրան, լավագույն դեպքում, որակում են «կազյոլ» ու անխղճորեն առաջնորդում դեպի սեփական կառափնարանն ու սպանդանոցը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.

Հայ ժողովուրդը, սակայն, մուրացկան չէ, և նրա հավաքական ողնաշարն ու ինքնասիրությունը կոտրելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Ազգային արժանապատվության արթնացումն անխուսափելի՛ է, իսկ սեփական պատվին, արյանն ու պետականությանը տեր կանգնելու վճռականությունը՝ մեր վերածննդի ու հաղթանակի միակ անդրդվելի երաշխիքը։

Դիտվել է՝ 981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ